Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան

ԱԱԾ-ն հերքեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը. և խնդիրն այն է, որ կառույցը ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու իրավունք չուներ, մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ-ի վրա քաղաքական պարտադրանք է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական և ԱԱԾ գործակալ լինելու տեղեկությունների մասին:

Մալյանի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է երեկ, ամբողջ գործընթացի ամենագաղտնի փաստաթուղթն է, իսկ նման ձեռագիր փաստաթուղթը գործակալական աշխատանքի կատարելու անցնելու դեպքում պարտադիր է:

«Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը: Գործակալ լինելու դեպքում կա նաև «բանվորական գործի» թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ լինում են զեկույցները»,-ասաց նա։

Մալյանի խոսքով՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մոտ առկա թղթապանակից կարելի է նաև ենթադրել, որ այդ զեկույցները ևս կան:

Ըստ Մալյանի՝ սա արդեն խայտառակ բացահայտում է հավաքագրում իրականացնող անձի համար, որովհետև հրապարակվել է ամենագաղտնի թուղթը: Մալյանը շեշտեց, որ մեղադրանքը շատ մեծ է և Միրզոյանն այն հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել էր, որ ՀՀ ԱԱԾ-ում, այդ մասին իմանալուց հետո, Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Արարատ Միրզոյանը այդ հայտարարութունից հետո իր ֆեսբուքյան էջում հերքեց ան, նաեւ ԱԱԾ-ն հերքեց Միրզոյանի գործակալ լինելու փաստը:

Նշենք, որ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: