Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 2-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր:

Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա տեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, եւ, ամենակարեւորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ:

Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան:

Բացի այդ, քննարկվելու են նաեւ փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռեւս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձեւաչափով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռեւս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով եւ մտածողությամբ փրկելու մեր երկիրը»:

Շարունակելով թեման՝ «Հրապարակ» թերթը գրում է, որ՝ «Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։

Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է արդյոք հանդիպումը, եւ ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է եւ այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական եւ տարբեր ձեւաչափերով, գուցեեւ՝ Ձեր ասած, գուցեեւ՝ տարբեր»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը»:

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանություն – հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որեւէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։

Նաեւ այս ֆենոմենը կամ հակաֆենոմենն է ընկած հասարակության ինչ-որ հատվածի կողմից Նիկոլ Փաշինյանի անվերապահ, անբնական ու անբանական աջակցության հիմքում՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կարող է վերաբերել դավաճանությանը կամ հայրենազրկմանը․ մարդկանց այդ տեսակն ու հատվածը Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում է իրեն, իր անձը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա, իհարկե, չափազանց ցավալի արձանագրում է, քանի որ վկայում է, որ հասարակության առնվազն այդ հատվածը կրում է այն նույն որակները, որոնք Նիկոլ Փաշինյանին մղել են գնալու ամենաամոթալի քայլերի։ «Մենք բոլորս Նիկոլ ենք»,- այս հոտային բանաձեւն է ընկած Նիկոլ Փաշինյանի աջակիցների դրդապատճառներում։

Նիկոլ Փաշինյանին  աջակցողների այս խավը նրան պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպանի սեփական անձը, հենց դա է նույնականացումը։ Այս մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հրաժարվելը հավասարազոր է սեփական անձին դավաճանությանը։ Այդ աջակցությունից հրաժարվելու համար այդ տեսակի մարդիկ, որոնք քիչ չեն, պետք է գտնեն նոր անհատի, նոր կուռքի, որի հետ կնույնականացնեն իրենք իրենց։

Նիկոլ Փաշինյանն ինքը գիտակցել ու հասկացել է այս իրողությունը, ու նաեւ դրա համար է ամենաշատը կրկնում «ժողովրդի իշխանություն» արտահայտությունը․ դրա հասցեատերը հասարակության հենց այն հատվածն է, որը բաղկացած է հազարավոր կամ գուցե տասնյակ-հազարավոր նիկոլներից։

Մեր նման հասարակություններում այս սինդրոմն ինչ-որ իմաստով օրինաչափ է, այն բխում է մի կողմից՝ ցածր գիտակցությունից, մյուս կողմից՝ պետական ինստիտուտների անկատարությունից, ինչի պատճառով քաղաքացին իրեն նույնացնում է ոչ թե հայրենիքի, պետության, այլ առանձին վերցրած անհատի կամ անհատների հետ։ Ընտրական ցանկացած գործընթացում՝ արտահերթ, թե հերթական, այս երեւույթը զգալի ազդեցություն է ունենալու։ Ընտրություններում մարդիկ ձայն են տալու նրան, ում անձի հետ իրենք ամենաշատն են իդենտիֆիկացնելու սեփական եսը։

Հասարակությանն այս հոգեբանական գերությունից ազատելու համար լրջագույն աշխատանք է պետք։ Պարզամիտ կարգախոսներն այդ խնդիրը ոչ միայն չեն լուծում, այլեւ ավելի են խորացնում։ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» եւ այլ նման կարգի ուղերձները մարդկանց այդ տեսակն ընկալում է՝ որպես սեփական անձին ուղղված մեղադրանք, քանի որ իրեն նույնացնում է այդ մեղադրանքի հասցեատիրոջ հետ։

Արդյունքում՝ որքան ավելի շատ են ընդդիմախոսները պայմանականորեն հայհոյում Նիկոլ Փաշինյանին, այնքան ավելի են ամրացնում նրա դիրքերը հասարակության այն հատվածի շրջանում, որը քաղաքական նախընտրությունները կառուցում է ոչ թե բանականության, փաստերի ու փաստարկների, այլ իռացիոնալ զգացմունքների վրա։ Հասարակության այդ հատվածը, որը, կրկնում ենք, փոքր հատված չէ, լուրջ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի այն խաբեությանը, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։

Մարդկանց դուր է գալիս ապրել այդ խաբկանքով, իսկ այդ մոլորությամբ առաջնորդվողների համար Նիկոլ Փաշինյանին ուղղված ցանկացած խոսք կամ քայլ ուղղված է սեփական անձի՝ սեփական «վարչապետության» դեմ»:

Մեկ այլ հրապարակմամբ թերթը գրում է, թե 44-օրյա պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնությանն ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։ Արծրունը, ինչպես և պետք էր սպասել, փորձել է արդարանալ, մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր արդարանում Շուշին ադրբեջանական ներկայացնող իր հայտարարության առիթով․ Փաշինյանի հանգույն նրա քարոզչամարտիկ Արծրունը կառչել է բառերից՝ հայտարարել է, թե ինքն ասել է ոչ թե՝ «հաղթում ենք», այլ՝ «հաղթելու ենք», և այդպես շարունակ։

«Բայց Արծրուն Հովհաննիսյանի հայտնության իրական նպատակն այլ էր, նա տողատակում հայտարարել է, թե  ինքն ամեն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թե՝ հանրությանը խաբել է ոչ թե Արծրուն Հովհաննիսյանն ու նրա անմիջական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ բանակը, բանակի ղեկավարությունը։

Այսպիսով, պարտությունը բանակի վրա բարդելու փաշինյանական՝ ավելի վաղ ակնարկներով սկսված քաղաքականությունն ավելի առարկայական դրսևորումներ է ստանում։

Արծրունի հայտնությանը զուգահեռ՝ ձերբակալվում է բանակին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը, ում հետ մինչև տակավին վերջերս այդքան հաճույքով լուսանկարվում էր Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ սույն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշվին, հայտնի էր վաղուց։ Ինչպես որ հասկանալի էր, որ առանց երկրի ամենաբարձր ղեկավարության գիտության ու մասնակցության՝ հնարավոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դավոյի ձերբակալությունը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա կարող է խոսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարությունից՝ մինչև գերագույն հրամանատար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ վա բանկ և պատերազմի մեղավորությունից մաքրվելու իր նպատակն ավելի բարձր է դասել, քան Դավիթներից որևէ մեկի խոսելու ռիսկը։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաև այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում կրած պարտության հարցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ։ Պատասխանատվություն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատվությունը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրությունների ֆարսով։

Ինչ վերաբերում է թիվ մեկ մեղավորին, ապա նրա անունը հայտնի կդառնա մեղավորների նշանակման փաշինյանական գործընթացի ավարտին, երբ ինքը լուծած կլինի սեփական պատասխանատվության հարցը՝ քրեաիրավականը բարդելով բոլոր նրանց վրա, ում ներկայությամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացվում»,- գրում է թերթը։