Նոր մանրամասներ առաջնորդների հանդիպումից. ինչ են ասել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 4-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունների վեց առաջնորդները փետրվարի 2-ին ի վերջո հանդիպեցին: Այդ հանդիպումը կայացավ ուշ երեկոյան՝ տևելով 2-3 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից և քննարկված հարցերից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը և Գագիկ Ծառուկյանը:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, և այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:

«Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաև այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները և ավելի ակտիվանալ: Միևնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, և այնտեղ ևս հանդիպումներ պետք է անցկացվեին:

Միևնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ընդդիմության միասնական թեկնածուն, և նրան չեն ցանկանում նեղացնել: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը դեռ կոնսենսուսի չեն հասել»։

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունը հերթական դարակազմիկ նախաձեռնությունն է ներկայացրել, որով ցանկանում է հերթական սահմանափակումը հաստատել մամուլի նկատմամբ․ մի խումբ ուսապարկեր ներկայացրել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ այլևս արգելվելու է անանուն աղբյուրներից տեղեկատվության հրապարակումը։ Առաջին հայացքից խայտառակ ու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունն իրականում շատ օրինաչափ է Նիկոլ Փաշինյանի պարագայում։

Անցած շուրջ երեք տարիներին նա հետևողականորեն զբաղված է եղել ու է՛ ժողովրդավարական բռնապետության հաստատմամբ․ օրենսդիր ու գործադիր իշխանությունների, սահմանադրական դատարանի ուզուրպացիայից, վերջերս էլ նաև դատական համակարգի ջհանգիրյանացումից հետո օրինաչափորեն հաջորդը պետք է լիներ մամուլը, քանի որ բռնատիրական համակարգերին ազատ մամուլը հակացուցված է, ինչպես, օրինակ, մտածող պատգամավորը՝ Հայաստանում այսօր գործող խորհրդարանում։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր վերահսկողությունից դուրս գտնվող հերթական, բայց չափազանց կարևոր ոլորտի գործունեության սահմանափակմանը։ Քաղաքական տրամաբանությամբ նրա քայլերը հասկանալի են․ նա չի հանդուրժում այլակարծությունը և ամեն ինչ անում է այն վերացնելու համար։ Խնդիրը, սակայն, ավելի շատ անձնական, բարոյական հարթությունում է։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր, կայացել է առավելապես անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ հրապարակելով։ Դրանց ոչ մեծ մասն է համապատասխանել իրականությանը, բայց դա չի խանգարել, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կայանա՝ որպես «ընդդիմադիր լրագրող»։ Հիմա նա, փաստորեն, պայքարում է իր իսկ կայացմանն այդքան նպաստած հնարավորության դեմ, որը, ի դեպ, ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից է։

Այս տեմպերով շարունակելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ փորձելու է օրենքով, հնարավորության դեպքում՝ նաև սահմանադրորեն արգելել նաև «համաժողովրդական պայքարի» միջոցով իշխանության փոփոխությունը, ճանապարհը, որով ինքը եկել է իշխանության։

Այսպիսով, կա՛մ Նիկոլ Փաշինյանն անհաղթահարելի բարդույթներ ունի սեփական կենսագրության առնչությամբ ու իր անցած ճանապարհն այնքան սխալ է համարում, որ ցանկանում է արգելել դրա կրկնությունը, կամ մտածում է, որ այն, ինչ կարելի էր իրեն, չի կարելի ուրիշ որևէ մեկի։

Երկու դեպքում էլ խնդիրը դուրս է միայն քաղաքականության շրջանակներից և կարիք ունի հոգեբանների բացատրության։ Բայց անկախ հոգեբանական շարժառիթներից՝ արդյունքի առումով պատկերը չի փոխվում․ Նիկոլ Փաշինյանը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, որի ամենալուրջ հակառակորդը, ինչպես հայտնի է, ճշմարտությունն է։ Իսկ ճշմարտությունը կարող է հայտնվել ոչ միայն հասցեական, այլ, ինչպես սովորաբար պատահում է՝ անանուն։ Հատկապես այնպիսի հասարակություններում, որտեղ ցանկացած ճշմարտության հեղինակի ճնշելու համար օգտագործվում է ողջ պետական համակարգը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները ցանկանում են հնարավորինս ձգձգել արտահերթ ընտրությունները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության առանձին ներկայացուցիչներ ու հատկապես մերձիշխանական որոշ շրջանակներ նույնիսկ համոզում են Նիկոլ Փաշինյանին, որ պետք է ամեն ինչ անել՝ խուսափելու արտահերթից՝ այն հույսով, որ մանիպուլյացիաների, հասարակության զգացմունքների վրա խաղալու, ընդդիմադիրների վարկաբեկումն ու նրանց վրա ճնշումները շարունակելու միջոցով հնարավոր կլինի մոռացնել Արցախի մեծ մասի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգային ծանր խնդիրները, տնտեսական «կրախն» ու ի վերջո «իրավիճակ փոխել»: Բանն այն է, որ հարցումից ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը:

Ըստ մեր տեղեկությունների, վերջին մի քանի հարցումները ցույց են տվել, որ ընդհանուր վարկանիշից զատ, կտրուկ նվազել է հատկապես անվերապահ աջակցողների, այսինքն՝ «անպայման կքվեարկեմ» պատասխանողների թիվը՝ մոտ 5 տոկոս, փոխարենը գնալով մեծանում է «ոչ մի պարագայում չեմ քվեարկի» պատասխանողների քանակը: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանական ու մերձիշխանական շրջանակներին ոչ պակաս անհանգստացրել է այն հանգամանքը, որ նկատելիորեն աճում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, զուգահեռ կտրուկ նվազում է նրա «անտիռեյտինգը»:

Ըստ որոշ ուսումնասիրությունների, հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հանձին նրա տեսնում են հավասարակշռված անձնավորության և «ուժեղ ձեռք», որի հետ կարող են հույսեր կապել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։

Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռևս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման։ Դեկտեմբերի 7-ին Այվազյանն ու Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ հայտարարություններ արեցին, պատասխանեցին լրագրողների հարցերին։

Պարզվում է՝ Այվազյանի՝ Թուրքիայի մասին խոսքը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա Այվազյանի վերադարձից հետո շատ սուր խոսակցություն է ունեցել նրա հետ, խիստ դիտողություն արել Թուրքիայի մասին ասածների կապակցությամբ։ Մենք դիտեցինք ասուլիսի տեսագրությունը․ Այվազյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու վերաբերյալ, հիշատակել է 1915թ․ ցեղասպանությունը և թուրքական քաղաքականությունը։

Խոսել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը մեր հանդեպ, նշել է ֆուտբոլային դիվանագիտությունը, որը տապալվեց Թուրքիայի մեղքով, և անդրադարձել է վերջին պատերազմում նրա խիստ բացասական դերակատարմանը, երբ անմիջականորեն կառավարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ահաբեկիչներ մատակարարել, ձախողել հրադադարի փորձերը։

Այվազյանն ամփոփել է՝ Անկարան պետք է վերականգնի Հայաստանի և միջազգային հանրության վստահությունը, որպեսզի խոսք գնա միջպետական հարաբերությունների մասին։ Ոչ մի սուտ խոսք կամ չափազանցություն։ Մնում է պարզել, թե այս խոսքն ինչու դուր չի եկել Փաշինյանին»: