Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 10 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բերման են ենթարկել 10 ակտիվիստի, որոնք հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց և փորձել են վրաններ տեղադրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Այս պահին Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև հանգիստ է, բայց որոշ ժամանակ առաջ առճակատում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների և պարեկային ոստիկանության սպաների միջև, որովհետև ընդդիմությունը փորձում էր վրաններ բացել օրենսդիր մարմնի դիմաց:

Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիրները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: