Ալիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ ռուսական «Իսկանդեր» համակարգը չի կիրառվել: 

Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը որակելով «անեկդոտային», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Օրերս 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, — խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես էին եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում էր տարածել առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։