Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: