Դեսպանատնից մեզ ասացին՝ հումանիտար բեռն ուղարկեք Հայկ Սարգսյանի անունով. ռուսաստանաբնակ հայ


2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի «Հայեր միացեք» նախաձեռնությունը դեսպանատան խորհրդով հումանիտար օգնությունն ուղարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, իսկ բեռի վերաբերյալ ստացականները ստանալ չի հաջողվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ փետրվարի 26–ին, ասաց նախաձեռնության անդամ Բադալ Պարյանը։

«Երբ ես եկա Հայաստան, գնացի, որ ստանամ ստացականը, քանի որ խոսքը մոտ 21 տոննա բեռի մասին է, ինձ ԱԻՆ-ում ասացին, որ չեն կարող տալ, որովհետեւ ապրանքը ես ուղարկել եմ Հայկ Սարգսյանին։ Հարցնում եմ, թե ոնց կարող է էդպիսի բան լինել, ստացականները ինձ պետք է տաք, որ 3700 մարդու ես հաշվետվություն ներկայացնեմ, բա՝ գնացեք, ճշտեք»,- պատմեց Պարյանը՝ հավելելով, որ հետագայում պարզել են, որ պարտադիր պայման չէր, որ բեռը պատգամավորի անունով ուղարկեին, որպեսզի ինչ-որ խնդիրներ չառաջանան, ինչպես նրանց վստահեցրել են ՌԴ–ում ՀՀ դեսպանատնից։

«Ամբողջ պատերազմի ընթացքում մեզնից կտրել ենք, բացի հումանիտար օգնությունից նաեւ գումար ենք փոխանցել հիմնադրամին։ Մենք այն մարդկանցից ենք, որ մինչեւ վերջ պետք է գնանք, ու բոլորը պիտի պատասխան տան, թե ինչ բեռ է եկել ու ինչ քանակությամբ։ Մենք ղեկավարությունից շատ մեծ բան չենք պահանջում։ Եթե պատերազմում մենք ունեինք 50 000 զորք, Ռուսաստանից, եթե, օրինակ, եկել է 30 000 զրահաբաճկոն, սաղավարտ, կապի միջոցներ, ինչի համար են մարդիկ առանց դրանց մնացել»,- նշեց նա։

Ըստ նրա՝ Հայկ Սարգսյանի հետ հաջողվել է կապ հաստատել, եւ նա չի հրաժարվել ստացականները հետ տալ, բայց քանի որ այդ պահին իրենց խնդիրը լուծված է եղել, իրենք չեն խորացել մանրամասների մեջ։

«Բայց  վերջերս, երբ տեսա նորությունները, որ հիմնադրամի փողերով առել են մեր նման մարդկանց ուղարկած ապրանքները կամ այլ նորություններ, փորձեցինք հասկանալ, թե խնդիրն ինչումն է, ու տեսանք, որ մեր թղթերի մեջ Հայկ Սարգսյանի անունն է գրած»,- ասաց նա։

Հարցին, թե իրենց ուղարկած բեռից ինչքանն է հասել զինվորներին, Բադալ Պարյանն ասաց՝ այն, ինչ իրենք են սեփական ձեռքերով հասցրել զինվորին, մնացածից տեղյակ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։