Տեղեկությունը, թե Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, չի համապատասխանում իրականությանը. նախագահի օգնական. tert.am

Տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է ուղարկել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահն ունի եռօրյա ժամկետ, որի ընթացքում դիրքորոշում կներկայացնի»,-նշեց նա:

Նշենք, որ օրենսդրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում կամ պետք է հաստատի, կամ ետ վերադարձնի վարչապետի առաջարկությունը։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել: