Իրանում հայտարարել են ուրանի հարստացումը օրում մինչեւ 60% մեծացնելու կարողության մասին

Այժմ մենք կարողություններ ունենք, եւ, ինչպես օրենքն է թույլ տալիս, 24 ժամվա ընթացքում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել 60%-ի: Այս մասին հեռուստահաղորդման եթերում ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է Mehr-ը:

«Մենք դադարեցրել ենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի լրացուցիչ արձանագրության կատարումը եւ սահմանափակել ենք երկրի միջուկային օբյեկտների հասանելիությունը՝ Իրանի խորհրդարանի կողմից հաստատված օրենքի շրջանակներում»,- ասել է Սալեհին:

Նա նաեւ մեջբերել է իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքերը, որ «Իրանը չի փոխի իր դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ, եւ որ Թեհրանը կարող է նախաձեռնել ուրանի մինչեւ 60% հարստացում` ելնելով երկրի ներքին կարիքներից»,- հայտարարելով, որ «մենք հիմա հզորություն ունենք, եւ ինչպես օրենքն է թույլ տալիս, 24 ժամվա ընթացքում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել 60%-ի»:

Հղում անելով Իրանի միջուկային գործակալության եւ ԱԷՄԳ-ի վերջերս արած համատեղ հայտարարությանը, որը համաձայնեցվել էր ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում, Սալեհին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համատեղ հայտարարությունը գաղտնի կողմ չունի, եւ Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ը ճանաչում է խորհրդարանական օրենքը կիրառելու Իրանի իրավունքը: