Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի պեղումների ժամանակ հնագետները գերազանց վիճակում պահպանված եզակի գտածո են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

Մ.թ. 79 թ. Վեզուվի հրաբխի ժայթքման պատճառով մոխրի տակ անցած հռոմեական հնագույն Պոմպեյ քաղաքի վայրում աշխատող հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված քառանիվ կառք, գրում է pompeiisites.org-ը:

Նշվում է՝ Հին Պոմպեյից հյուսիս տեղակայված գյուղական ամառանոցի պեղումների ընթացքում հայտնաբերվել է քառանիվ կառք՝ լի երկաթե մասերով, գեղեցիկ բրոնզե զարդարանքներով և անագով (սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ,- Tert.am):

«Սա մեր գիտելիքների ընդլայնման համար անտիկ աշխարհի մասին անչափ կարևոր հայտնագործություն է», — հայտարարել է Պոմպեյի զբոսայգու տնօրենի պաշտոնակատար Մասիմո Օսաննան, նշելով՝ գտածոն հանդիսավոր կառք է, որը հավանաբար որոշ աղբյուրներում կոչվում է «Պիլենտում»:

«Այն ամեն օր չի օգտագործվել: Ամենայն հավանականությամբ, այն ոչ թե որպես գյուղատնտեսական տրանսպորտ է ծառայել, այլ արձակուրդների, շքերթների և երթերի ուղեկցորդների համար է նախատեսված եղել»,- բացատրել է նա:

Միևնույն ժամանակ հնէաբանների կարծիքով՝ կառքը «եզակի գտածո է, որը պահպանվել է գերազանց վիճակում և նմանօրինակը չունի ողջ Իտալիայում»:

Հիշեցնենք՝ հին հռոմեական Պոմպեյ քաղաքը, որը գտնվել է Նեապոլի մոտակայքում, առաջին անգամ հայտնաբերվել է 1592 թվականին, բայց տարածքում պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: 

Մոխրի տակ անցած քաղաքի պեղումները դեռ շարունակվում են: