Ռամոսի կյանքի երազանքը․ իսպանացին հույս ունի նոր պայմանագիր կնքելուց հետո ավարտել կարիերան Ռեալում

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ամենայն հավանականությամբ կմնա «արքայական» ակումբում։ Չնայած վերջին ամիսներին իսպանացի պաշտպանի՝ թիմից հեռանալու տարատեսակ շշուկներին՝ կողմերը, կարծես, համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։

Marca-ն գրում է, որ Ռամոսը հույս ունի երկարաձգել պայմանագիրը մարտ ամսին։ Նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականը։ Ռամոսը վստահ է, որ նոր պայմանագրից հետո կկարողանա իրականացնել իր կյանքի երազանքը՝ այն է, ավարտել կարիերան «Ռեալում»։

2019 թվականին, երբ դարձյալ կային շշուկներ Մադրիդից հեռանալու մասին, Ռամոսը ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, որ պատրաստ է այս թիմի համար անվճար խաղալ ու երազանքն է կարիերան ավարտել «Ռեալում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսը համաձայնվել է գնալ աշխատավարձի կրճատման հանուն մադրիդյան թիմում մնալուն։

Ռամոսի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Առաջիկայում սպասվում է հանդիպում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։