COVID-19-ի նոր դեպքերի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում դարձյալ «լոքդաուն» կհայտարարվի

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այսօր նշել է, որ երկրի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, վաղվանից սկսած կհայտարարվի «լոքդաուն», որը կտևի 7 օր, գրում է Reuters-ը:

Նա մանրամասնել է նաև, որ Զելանդիայի մնացած մասը կվերադառնա 2-րդ մակարդակի սահմանափակումների, որոնց համաձայն` կարգելվի միայն հանրային հավաքների անցկացումը: 

Հիշեցնենք՝ փետրվարի կեսերին մոտ 2 միլիոն բնակչություն ունեցող Օքլենդն արտահերթ եռօրյա «լոքդաուն»-ի մեջ էր հայտնվել այն բանից հետո, երբ  3-հոգանոց ընտանիքի մոտ COVID-19-ի ավելի վարակիչ «բրիտանական» տարբերակն էր ախտորոշվել: 

Ինչպես ավելի վաղ տեղակացրել էր Tert.am-ը, կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերվել էր Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը: