ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները․ հայտարարություն

ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել, որով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Հայտարարությունում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով»։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Զինված ուժերի գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում: Սրանով արդեն խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ սահմանադրությունը»: Նա նաև նշել էր, որ Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները փետրվարի 25-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը՝ համարելով, որ ՀՀ վարչապետը և Կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։