Հայտնի են երկրները, որոնք ամբողջովին բաց են զբոսաշրջիկների համար

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) մարտի 8-ին հրապարակել է զեկույց ամբողջ աշխարհում կորոնավիրուսային համավարակի առնչությամբ ճանապարհորդության սահմանափակումների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ներկայում հինգ երկիր լիովին բաց են զբոսաշրջիկների համար: Դրանք են՝ Ալբանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կոստա Ռիկան, Հյուսիսային Մակեդոնիան և Տանզանիան, որոնք կազմում են ընդհանուր զբոսաշրջային ուղղությունների միայն 2%-ը:

Նշվում է՝ փետրվարի սկզբի դրությամբ աշխարհի բոլոր զբոսաշրջային ուղղությունների 32%-ը՝ 69 երկիր, ամբողջովին է փակ օտարերկրյա զբոսաշրջիկների համար, իսկ 34 %-ը՝ ընդհանուր առմամբ 73 երկիր, մասամբ է փակ:

UNWTO-ի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի խոսքով՝ երկրները պետք է աստիճանաբար վերականգնեն զբոսաշրջային արդյունաբերությունը, քանի որ ներդրված սահմանափակումները COVID-19-ի հետ կապված խնդիրը միայն մասամբ են լուծում: