ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ․Լարսը եւս փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են:

Լոռու եւ Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։