Ռուսաստանում առաջարկել են առգրավել պաշտոնյաների՝ կոռուպցիոն տարբերակով ստացած գումարները

ՌԴ կառավարությունը Պետդումային է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է հակակոռուպցիոն օրենսդրության խստացում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազային:

Փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ դաշնային 2 օրենքում` «Բանկային գործունեության մասին» և«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին»: Փոփոխությունները ենթադրում են կանոնի ներդրում, ըստ որի՝ պաշտոնատար անձանց փողերը կարող են առգրավվել, եթե նրանց բանկային հաշիվներում լինի մի գումար, որը գերազանցում է վերջին 3 տարվա պաշտոնական եկամուտը, իսկ գումարի ստացման օրինականությունը  հաստատված չլինի:

Օրինագծի հեղինակները նշել են, որ նման միջոցները կամրապնդեն կոռուպցիայի դեմ պայքարը:

Այժմ, հօգուտ պետության, հնարավոր է առգրավել միայն հողամասեր, անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և արժեթղթեր, որոնց ձեռքբերման օրինականությունը պաշտոնատար անձինք չեն կարող հաստատել: