Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ խոստովանություն․ Լենա Նազարյանի ուշագրավ հայտարարությունը

Մենք այլեւս որեւէ առնչություն չենք ունենում։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։

«Այո, ես այդ առումով չեմ տեսնում որեւէ խնդիր։ Մենք այլեւս չենք միջա… որեւէ առնչություն չենք ունենում»,- պատասխանել է Լենա Նազարյանը։

Այդ առնչությամբ «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադիր լսեք, հատկապես ուշադիր լսեք այն հատվածը, որտեղ ԱԺ իշխանական փոխխոսնակը ասում է ԱՅԼԵՒՍ չենք խառնվում, իրավապահ մարմինները անհապաղ պետք է հրավիրեն Տիկինին եւ պարզեն, թե նախկինում, երբ դեռ խառնվում էին, ապա ինչ ֆորմատով, ում միջոցով եւ ինչ քաղաքական ակնկալիքով էին միջամտում…

ԵՒ արդյոք այլեւս չխառնվելու պատճառը այն է, որ իրենց ծրագիրը իրականացել է Արցախի հանձնման վերաբերյալ…»։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։