Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Դավիթ Բեկ բնակավայրում 32-ամյա քաղաքացի է ականապայթյունային վնասվածք ստացել

Երեկ՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: