Բրիտանական համալսարանը 33 000 դոլար է ծախսել էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը կանգնեցնելու համար. ուսանողները դժգոհ են (տեսանյութ)

Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Ուինչեսթերի համալսարանի տարածքում կանգնեցվել է շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը, գրում է BBC-ն:

Նշվում է՝ 18-ամյա աղջկա արձանն ուսումնական հաստատությանն արժեցել է գրեթե 24 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 33 հազար դոլար): Դրա հեղինակը բրիտանուհի Քրիստին Չարլզվորթն է:

Միևնույն ժամանակ, համալսարանի ուսանողները հիասթափություն են հայտնել վարչակազմի նման որոշման առնչությամբ: Ըստ ուսանողական միության նախագահ Մեգան Բոլի՝ շատ ուսանողներ, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով ստիպված են հեռավար ձևաչափով սովորել, ֆինանսական աջակցության կարիք ունեն:

«Մենք համալսարանի ղեկավարությանը կոչ ենք անում արձանի վրա ծախսված գումարն ուղղել  ուսանողներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար», — ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Շվեդիայում Գրետա Թունբերգի լուսանկարով փոստային նամականիշ է թողարկվել: Այն նվիրված է շրջակա միջավայրին և բնապահպանական խնդիրներին: