Այվազյանը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է եռակողմ հայտարարության խախտմամբ ադրբեջանցիների մոտ գտնվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը։ Հանդիպումը կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի ծառայությունից, առանձին զրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների կատարումը, ինչպես նաեւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունն ու ընթացիկ իրադարձությունները: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարությամբ նախատեսված պարտավորությունների խախտմամբ ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների անհապաղ վերադարձնելու անհրաժեշտությունը:

Այվազյանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների դեմ կանխամտածված հարձակումների կապակցությամբ` ընդգծելով տարբեր գործոններով այդ ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձեռնարկման հրատապությունը:

Արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, բարձր մակարդակի շփումների առաջիկա ժամանակացույցը: Կողմերը մտքեր են փոխանակել բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության վերաբերյալ: