Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել. ԶԼՄ

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Լիլո շրջանում ՝ քաղաքի ծայրամասում։  Ինչպես պատմել Է ականատես մի կին, շենքից տարհանում են բնակիչներին, ամենայն հավանականությամբ, փլուզման վտանգ կա:

«Մենք ապրում ենք ոչ հեռու, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի պատճառով։  Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ <…> Տուժածների եւ զոհերի մասին ոչինչ չգիտենք», — նշել է նա:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։  Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն: