Սեպտեմբերից ԵՄ-ն ամսական 200 մլն չափաբաժին պատվաստանյութ կարտադրի. եվրահանձնակատար

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը կարծիք է հայտնել, որ ընդունված միջոցների շնորհիվ Եվրամիությունը կկարողանա սեպտեմբերից սկսած ամսական 200 մլն չափաբաժին պատվաստանյութի արտադրություն ապահովել:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Բրետոնը ներկայում աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում, որտեղ այցելում է «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութեր արտադրող գործարարներ:

«ԵՄ-ն հունվարին ուներ 14 մլն չափաբաժին, փետրվարին՝ 28 մլն, մարտին՝ 60 մլն: Հաջորդ եռամսյակում մենք կհասնենք 100 չափաբաժնի՝ ապրիլին, մայիսին և հունիսին: Ամռանը ցուցանիշը կհավասարվի 120 մլն-ի, իսկ սեպտեմբերից սկսած մենք արագություն կզարգացնենք և կարտադրենք 200 մլն չափաբաժին»,- ասել է մասնագետը:

ԵՄ-ում պատվաստանյութերի արտադրմամբ կզբաղվի, ընդհանուր առմամբ, 53 ձեռնարկություն, այդ թվում՝ մի քանիսը Ֆրանսիայում: